Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հագենալուց հետո առաջանում են տեղումներ:
Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապատասխան արժեքը:
Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակումներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ: