Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը: