Կոտայք


Տարածքը՝ 2,086 քառ.կմ
Բնակչությունը՝ 254,397
Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը:
Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:
5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։
Կեչառիսի վանական համալիրը
Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։
Կեչառիսի վանքի լեգենդը
Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ:
Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:
Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 — 13-րդ դարեր):